Իրանա-իսրայելական սրացումը հետաձգել է Չինաստանից Հայաստան մուլտիմոդալ միջանցքի գործարկումը

Իրանա-իսրայելական հակամարտության սրացման պատճառով փոխվել են Չինաստանից Հայաստան նոր միջազգային մուլտիմոդալ երթուղու գործարկման ժամկետները: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։

Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ Ղազախստանով, Թուրքմենստանով և Իրանով Չինաստանից Հայաստան նոր տրանսպորտային երթուղին պետք է գործարկվեր հունիսին։

«Կողմերի միջև համաձայնագիր է ստորագրվել։ Նախատեսում էինք հունիսի 20-ից հետո գործարկել չինական Սիանից Երևան առաջին կոնտեյներային գնացքը։ Սակայն իրանա-իսրայելական հակամարտության սրացման ֆոնին առաքումը չեղարկվեց, քանի որ բեռը չի կարող հատել Իրանի տարածքը», - ասաց Իվանովը։

Նա նշեց, որ այս երթուղին մուլտիմոդալ է, այն իր մեջ ներառում է բեռների փոխադրումը կոնտեյներային նավով և բեռնատարով:

Երթուղու բացման նախաձեռնողը հայկական կողմն է, օպերատորը՝ Ղազախստանը։ Այսպես, Չինաստանից կոնտեյներային գնացքը Ղազախստանով և Թուրքմենստանով տարանցմամբ կհասնի իրանական «Ջուլֆա» կայարան-տերմինալ։ Բեռնարկղերը բեռնաթափելուց հետո ապրանքներն այնտեղից բեռնատարներով կտեղափոխվեն Երևան։

Տվյալ ճանապարհով ապրանքները Չինաստանից Հայաստան կհասցվեն 25 օրում։ Այս երթուղին ավելի թանկ է, քան ծովային փոխադրումները (դրանք համարվում են ամենաէժանը – խմբ.), սակայն ավելի էժան է, քան ավտոմոբիլային փոխադրումները։

Ներկայում Չինաստանից ապրանքները Հայաստան են հասնում երկու երթուղով՝ ԱՄԷ-ով (Դուբայ) և Իրանով (Բենդեր Աբբաս նավահանգիստ) կամ Բարեհուսո հրվանդանով Աֆրիկան «շրջանցելով» մտնելով Միջերկրական ծով: