«Բանակից փողով ազատվելու» նախագիծը չներառվեց ԱԺ օրակարգում

1 կողմ, 87 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը ՔՊ-ականպատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած «Զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը չներառեց լիագումար նիստերի օրակարգ։ Միակ կողմ քվեարկողը ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էր։

Նշենք, որ այս նախագիծը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ բացասական եզրակացություն էր ստացել և, հետևաբար, հավելյալ քվեարկությամբ խորհրդարանը պետք է որոշեր` այն ներառել լիագումար նիստերի օրակարգ, թե ոչ։

Իր ելույթի մեջ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ այս նախագծով մեր երկիրը պետք է գնա ինստիտուցիոնալ բարեփոխումների` վճռական որոշումների ճանապարհով և նվազագույնի հասցվի չարաշահումների հնարավորությունը։ «Չկա հետաձգում»,– եզրափակեց իր ելույթը նա։

Այնուամենայնիվ, խորհրդարանական մեծամասնությունը և ընդդիմությունը վարման կարգով հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու այս նախագծին, քանի որ այն լրամշակելու կարիք ունի։

Հիշեցնենք` մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց օրինագծին, որը հնարավորություն է տալիս զորակոչային տարիքի անձանց հրաժարվել բանակում 2 տարի ծառայելուց: Զինվորական ծառայության մասին փոփոխությունների նախագիծն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ կամ պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։ Ըստ նախագծի` պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք է նախատեսվում 32 տարեկանը։

Փողի դիմաց ծառայության ժամկետը կրճատելու նախագիծը քննադատել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Sputnik Արմենիա