ԱԺ նախագահ․ Փաշինյանը Թուրքիա կմեկնի Էրդողանի հրավերով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին Թուրքիա կմեկնի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Հունիսի 12-ին 24News-ը, հղում անելով բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ Փաշինյանը Թուրքիա կմեկնի` Էրդողանի հետ հանդիպելու։ Ալեն Սիմոնյանն այսօր հաստատեց այդ լուրը։

«Պատմական այց է, որովհետև ՀՀ ղեկավարն առաջին անգամ է նման մակարդակի այց իրականացնելու»,– հավելեց նա։

ԱԺ նախագահը վստահեցրեց` ՀՀ–ում պատերազմ չլինելու համար կառավարությունը գործուն քայլեր է անում, և դրանցից մեկը Փաշինյանի այցն է Թուրքիա։

Նրա խոսքով` երկկողմ հանդիպում է, որի ընթացքում կարող են տարաբնույթ հարցեր քննարկվել։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Թուրքիան ցանկանում է միջնորդ լինել հայ-ադրբեջանական երկխոսության համար, Սիմոնյանը նշեց՝ չի կարծում, թե նման գնահատական տալը ճիշտ է, բայց միաժամանակ վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կբխի բոլորի շահերից։

«Երբ կգա ժամանակը, երկու կողմը կորոշեն՝ որտեղ կկնքեն, ինչ միջնորդություն կլինի, միջնորդություն կլինի, թե դրա կարիքը չի լինի, թե այլ ֆորմատ կլինի»,- հավելեց Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է ընդդիմության մտահոգություններին, թե հնարավոր է` Փաշինյանին Թուրքիայում նախապայմաններ առաջարկվեն, որոնց ինքը կհամաձայնի ու հերթական զիջումներին կգնա, Սիմոնյանն անհեթեթ անվանեց։ Հավելեց, թե ընդդիմությունն առհասարակ քաղաքականությունից հեռու է։

Հիշեցնենք` Փաշինյանը հունիսի 5-ին զանգել էր Էրդողանին և շնորհավորել Կուրբան Բայրամ տոնի առթիվ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։

Sputnik Արմենիա