Դեսպան Սոբհանի․ Իրանի հայ համայնքում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան
Իրանի հայ համայնքում զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չկան։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե գործողությունների հետևանքով քանի՞ իրանցի է լքել Իրանն ու Հայաստան տեղափոխվել, ըստ դեսպանի՝ երկրում, որքան դա հնարավոր է, բնականոն վիճակ է, քաղաքացիների մեծաթիվ հոսք չկա։ Ըստ նրա՝ ճիշտ հակառակը, այսօր աշխատանքներ են արվում տարբեր երկրներից քաղաքացիների վերադարձի համար, քանի որ թռիչքների չեղարկման հետևանքով նրանցից շատերը չեն կարողանում տուն վերադառնալ։
«Տվյալներ չկան, թե քանի իրանցի է պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխվել։ Սակայն ունենք մեծ թվով քաղաքացիներ, որոնք Ռուսաստան և Թուրքիա էին այցելել. այդ քաղաքացիները կարողացել են Հայաստանի հետ ունեցած ցամաքային սահմանով վերադառնալ երկիր»,- նշեց իրանցի դիվանագետը։
Ինչ վերաբերում է հայ-իրանական ցամաքային սահմանին ակտիվության ավելացման վերաբերյալ տեղեկություններին, դեսպանի խոսքով՝ շաբաթական 20 թռիչք էր իրականացվում Հայաստանից դեպի Իրան և հակառակ ուղղությամբ։ Հիմա թռիչքները չեղարկված են, ուստի նրանք, ովքեր ցանկանում են Հայաստան գալ, ստիպված են օգտվել ցամաքային ճանապարհից։
Sputnik Արմենիա