ՓԱՇԻՆՅԱՆՆ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման օրակարգում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կամ նմանատիպ մեկ այլ փաստաթղթի ստորագրման հարցն է։ Այս մասին հայտնում է 24news.am-ը՝ վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրները։
«Մեր զրուցակիցը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Սահմանադրության փոփոխման նախապայմանը հանել բանակցություններից՝ ադրբեջանցիներին ասելով, որ ոչ մի սոցհարցումով դրան հասնել ուղղակի հնարավոր չէ, և նմանատիպ զարգացումները վտանգավոր են իր իշխանության համար: Դրա փոխարեն նա հանձն է առել հարվածել Հայ առաքելական եկեղեցուն և ենթարկեցնել իրեն, ինչի դրսևորումները մենք տեսնում ենք վերջին 20 օրվա ընթացքում: Կա նաև երկրորդ նախապայման՝ հեռացնել ռուսական ռազմաբազան պայմանագրի ստորագրումից հետո»,- գրում է կայքը։
Նշվում է, որ կա տեղեկություն նաև երրորդ նախապայմանի մասին, որը վերաբերվում է ճանապարհների բացմանը։
Կայքի տեղեկություններով՝ այս պահին խաղաղության պայմանագրի ստորագրման համար 2 հնարավոր վայր է բանակցվում՝ Վաշինգտոնում՝ այս տարվա սեպտեմբերին, ԱՄԷ-ում՝ այս տարվա դեկտեմբերին:
Հունիսի 12-ին 24News-ը, հղում անելով բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ Փաշինյանը Թուրքիա կմեկնի` Էրդողանի հետ հանդիպելու։ Ալեն Սիմոնյանն այսօր հաստատեց այդ լուրը։