Հայաստանի իշխանությունը ցանկանում է քննարկել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի ազգայնացման հարցը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ ժամանակն է քննարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ազգայնացման հարցը: Նա այդ մասին խոսեց ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի այն հայտարարության ֆոնին, թե ինքը պատրաստ է պաշտպանել Հայ առաքելական եկեղեցուն։

«Այսօր մենք տեսնում ենք, որ ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը ոչ միայն հանդես է եկել որոշ անառակաբարո տերտերների պաշտպանությամբ, այլ ասում է, որ այ եթե քաղաքական գործիչները չկարողացան այս հարցը լուծել, մենք մեր ձևերով հարցը կլուծենք։ Այդ ձևերը որո՞նք են` լույսե՞րն եք անջատելու, հենա անջատում եք»,– հեգնանքով հայտարարեց Կոնջորյանը։

Նա նշեց, որ Կարապետյանը ոչ թե եկեղեցուն է պաշտպանում, այլ փորձում է պահել իր ունեցվածքը։

Քաղաքական գործիչը հայտարարեց, որ ՀԷՑ–ը հիմա ՀՀ–ի ամենաատելի կառույցն է դարձել, որից հայ ժողովուրդն ամենից շատն է բողոքում։

«ՀԷՑ–ը կոպեկ առ կոպեկ պետք է փոխհատուցի տասնյակհազարավոր քաղաքացիների ֆինանսական վնասները։ Ժամանակն է արդեն առաջ քաշել ՀԷՑ–ի ազգայնացման գաղափարը»,– ընդգծեց նա։

Սամվել Կարապետյանն այսօր հայտարարել է, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Նա նաև նշել է` եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։

Sputnik Արմենիա