Արա Աբրահամյանը դատապարտել է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող գործողությունները

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դատապարտել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ ՀՀ իշխանությունների գործողությունները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը խուզարկություն է իրականացրել «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարի տանը: Գործարարի տան մոտից շուրջ 20 մարդ է տեղափոխվել ոստիկանական բաժանմունք։

Աբրահամյանի խոսքով՝ Կարապետյանը` որպես գործարար և բարերար, զգալի ներդրում է ունեցել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի զարգացման գործում՝ նպաստելով ՀՀ–ի միջազգային վարկանիշի ամրապնդմանը: Արա Աբրահամյանը հավելել է, որ Կարապետյանը` որպես հավատավոր քրիստոնյա, ակտիվորեն աջակցում է Հայ առաքելական եկեղեցուն:

«Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով փորձում են վախեցել հասարակությանը և ցույց տալ, որ իրենց համար կարմիր գծեր չկան», - նշել է Աբրահամյանը:

Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը խուզարկություններ սկսվեցին, երբ նա հանդես եկավ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու: Նրա խոսքով` մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Սամվել Կարապետյանը նաև նշել է` եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։

Այսօր Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի մի շարք գրառումներ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Sputnik Արմենիա