ՆԳՆ․ Սամվել Կարապետյանը ձերբակալված չէ
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը չի ձերբակալվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Գործարարի եղբայր Կարեն Կարապետյանն էլ հայտնեց, որ Սամվել Կարապետյանը տանն է:
«Նրան չեն ձերբակալել, բայց շուտով կձերբակալեն», – լրագրողներին ասաց նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իրավապահները խուզարկություններ են իրականացնում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի` Երևանում գտնվող տանը, մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ոստիկանության բաժանմունք են տարել 20 մարդու։
Հիշեցնենք` խուզարկությունները սկսվեցին, երբ Սամվել Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու:
Կարապետյանն այսօր հայտարարել է, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Նա նաև նշել է` եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենք իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։ Այսօր Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի մի շարք գրառումներ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրառումներից րոպեներ անց խուզարկությունների մասին լուրերը տարածվեցին։