«Նիկոլիստական ռեժիմի հարձակում»․ ընդդիմադիր ուժերն աջակցել են Սամվել Կարապետյանին

Նման գործողությունները կործանարար են և ապօրինի։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, ռուսաստանաբնակ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Հայ ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանն այսօր, ի պատասխան վարչախմբի անբարո ոտնձգությունների, հանդես եկավ Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությամբ։ Անմիջապես հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի հաշվեհարդարի սանձարձակ կոչերը գործարարի նկատմամբ և ուժային կառույցներին ապօրինի հրահանգներ իջեցնելը»,- նշված է հայտարարության մեջ։

Խմբակցության անդամները շեշտել են՝ այս իրավիճակում համազգային համախմբում է պահանջվում։

Կատարվող գործողությունները դատապարտել է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ ռեժիմի այս քայլերը շարունակությունն են ազգային ինքնության դեմ նրանց կողմից սանձազերծած պատերազմի։

«Կարապետյանը ոչ միայն Հայ եկեղեցու մեծագույն բարերարներից է,այլ նաև Հայաստան - Արցախ - սփյուռք եռամիասնության ջատագովը։ Նիկոլիստական ռեժիմի այս հարձակումն անթույլատրելի է»,- գրել է Շարմազանովը։

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն սատարում է ազգային բարերար Սամվել Կարապետյանին ու հաստատակամ է վճռականորեն շարունակելու գործող իշխանությունների դեմ պայքարը մինչև հաղթական ավարտ։

Sputnik Արմենիա