Սամվել Կարապետյան․ Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից

Երեկվա իրադարձությունները հերթական անգամ ցուցադրեցին գործող իշխանության ողջ սնանկությունը։ Անկեղծ ատելությունը Հայ Առաքելեկան Եկեղեցու նկատմամբ, քամահրական վերաբերմունքը ազգային արժեքների հանդեպ, նշված է «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանի հայտարարության մեջ։

«Առողջ քննադատության անընդունելիությունը, որևէ այլախոհություն կոպտորեն ճնշելու հիվանդագին ցանկությունը, ցավոք, այս իշխանության «որակների» ոչ ամբողջական ցուցակն է։ Բայց Հայաստանը միշտ ու առաջին հերթին հայտնի է եղել իր սկզբունքային և անվախ որդիներով, ու դեռ չի ծնվել այնպիսի իշխանություն, որ կարողանա կոտրել նրանց։ Երեկ շատերն ընդվզեցին անարդարության դեմ, ու ես անկեղծ շնորհակալ եմ նրանց»,-ասվում է հաղորդագրությունում։

Նա շեշտել է, որ հայրենիքն ու հայրենակիցները մշտապես ուշադրության կենտրոնում են եղել, իր ու իր ընտանիքի կյանքի և գործունեության առանցքում, ու միշտ այդպես կլինի։

«Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետև դրանց հիմքում՝ ինքը Հայաստանն է, անհուն հարգանքն ու սերը իմ հայրենիքի, մեր ավանդույթների, մեր պատմության, մեր Եկեղեցու հանդեպ: Սիրելի հայրենակիցներ, վստահ եմ, որ համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից։ Աստծո օգնությամբ»,-նշված է հայտարարության վերջում:

Sputnik Արմենիա