ՀԷՑ-ը տուգանվեց 10 մլն դրամով. ընկերությունը պատկանում է Սամվել Կարապետյանին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այսօր տուգանվեց 10 մլն դրամի չափով` տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Այս մասին այսօր որոշում է կայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ուղիղ մեկ ամիս առաջ ուղիղ մեկ ամիս ժամկետով կառավարության անդամներին հանձնարարական էր տվել, որ ՀԷՑ–ի կողմից ժողովրդին հասցված վնասները վերականգնվի կամ ազգայնացվի ընկերությունը։ Նա նաև տեղեկացրել է, որ ՀԷՑ–ն ազգայնացնելու մասին ԱԺ–ում արդեն կա օրենքի նախագիծ։

Հանձնաժողովի սահմանած 10 մլն դրամ տուգանքը ՀԷՑ–ը պետք է պետական բյուջե փոխանցի մեկամսյա ժամկետում։

Հանձնաժողովը նշել է, որ այս տարվա փետրվարի 3–14–ն իրականացրել է կարճաժամկետ մոնիտորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Արդյունքում արձանագրել է մի շարք թերություններ՝ կապված հաշվիչների և դրանց արկղերի տեխնիկական վիճակի, հաշվառման ճշգրտության և սպառողների իրավունքների խախտման հետ։

Նշվում է նաև, որ ընկերությունը ներկայացրել է իր պարզաբանումները՝ չհերքելով արձանագրված խախտումները։

Բացի այդ, հանձնաժողովը պարտավորեցրել է ընկերությանը մինչև 2025 թ. դեկտեմբերի 31–ն իր սպասարկման ամբողջ տարածքում վերացնել նմանատիպ բոլոր խախտումները, սպառողների իրավունքների խախտման համար վճարել տույժ և մեկամսյա ժամկետում հանձնաժողովին ներկայացնել տեղեկատվություն։

Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերը հայտնի գործարար Սամվել Կարապետյանն է, որի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:

Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։

Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ, այնտեղից էլ` դատարան։

Ըստ ՔԿ–ի պաշտոնական հաղորդագրության` 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին նա ձերբակալվել է, նրան նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Փաշինյանն այսօր հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի), և դա տեղի կունենա արագ։

Sputnik Արմենիա