Վրաստանի ՆԳՆ-ն առգրավել է 298 կիոլգրամ հերոին. թմրանյութը բեռնատարով Հայաստանից Վրաստանով տարվում էր Եվրոպա
Ներքին գործերի նախարարությունն առգրավել է 298 կիլոգրամ հերոին, որի արժեքը այսպես կոչված «սև շուկայում» կազմում է մոտ 85 մլն լարի, մամուլի ասուլիսում հայտնել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։
«Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել՝ առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման, ինչպես նաև Վրաստան թմրանյութերի ապօրինի ներկրման մեղադրանքով։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ բեռնատարը, որը, ըստ մաքսային փաստաթղթերի, բեռնված էր հրակայուն աղյուսներով, Վրաստան է մտել Հայաստանի Հանրապետությունից՝ Գուգութիի մաքսակետով, և պետք է Բաթումով մեկներ Եվրոպա։
Մաքսային տնտեսական գոտում բեռնատարի կցորդիչի մանրակրկիտ զննման ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են աղյուսների նմանվող 600 պլաստիկե կոնտեյներ։
Կոնտեյներները պարունակում էին 298 կիլոգրամ հերոին թմրամիջոց։
Իրավապահ մարմինների աշխատակիցներն ակտիվորեն շարունակում են համապատասխան համալիր միջոցառումները՝ վերոնշյալ թմրանյութերի ապօրինի շրջանառությանը մասնակցող մյուս անձանց հայտնաբերելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածներով։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում»,- հայտնել է Դարախվելիձեն։
News.am