Ի՞նչ է կատարվում Մեղրիի անցակետում

Հայ-իրանական սահմանին` Մեղրիի անցակետում, օտարերկրյա քաղաքացիների ներհոսք է նկատվում։ Այս մասին հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։

Միաժամանակ կտրուկ աճել են տաքսիների գները։ Եթե նախկինում տաքսիները մարդկանց Մեղրիից Երևան էին տեղափոխում մոտ 75 դոլարով (28 հազար դրամ), ապա հիմա` 220 դոլարով (շուրջ 85 հազար դրամ)։

Ավելի վաղ Թեհրանում ՉԺՀ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը իրանա–իսրայելական լարվածության ֆոնին իր քաղաքացիներին հորդորել էր լքել Իրանը` նշելով, որ Հայաստանը դիտարկվում է որպես չորս ցամաքային երթուղիներից մեկը։

Հիշեցնենք` ՊԵԿ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ հունիսի 16-ի դրությամբ Հայաստանի և Իրանի պետական սահմանի «Ագարակ» անցակետը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով և տրանսպորտային միջոցների լրացուցիչ հոսքերի աճ չի նկատվում։