Եկել ենք մեր զորակցությունը հայտնելու․ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ
Եկել ենք մեր զորակցությունը հայտնելու, ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու համար։ Այս րոպեներին դատարանում քննվում է նրան կալանավորելու միջնորդությունը։
«Մենք հասկացանք, որ Սամվել Սարգիսովիչի նման զորակցությունը Մայր աթոռ սուրբ Էջմիածնին վերածվեց քաղաքական հետապնդումների, որը իր մեջ կրում է իշխանությունների վերաբերմունքը։ Այդ իմաստով եկել ենք մեր զորակցությունը բերելու»,- ասաց սրբազանը։
Նա շեշտեց՝ բոլոր ժամանակներում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին, ժողովրդի և պետականության շահերին՝ հակառակ ցանկացած փորձության։
Նա նշեց, որ դատարան է եկել նաև փոխանցելու ռուսաստանաբնակ հարյուր հազարավոր հայերի աջակցությունը։
Սրբազանի խոսքով՝ յուրաքանչյուր երկիր պետք է ուրախ լինի, որ ունի այնպիսի պետականամետ զավակ, ինչպիսին Սամվել Կարապետյանն է։
Sputnik Արմենիա