Ահագնացող խուճապի նշան է. Դիվանագետների խորհուրդը` Կարապետյանի դեմ սկսված արշավի մասին
Ցանկացած իշխանության պայքարը իրենից բազմապատիկ հեղինակավոր և ազգի համար օգտակար անհատների դեմ միայն ահագնացող խուճապի նշան է, դատապարտված է ձախուղման ու պատմության արժանի դատաստանին: Այս մասին ասվում է ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի` Դիվանագետների համահայկական խորհրդի տարածած հայտարարության մեջ։
«Դիվանագետների համահայկական խորհուրդն իր վրդովմունքն ու անհամաձայնությունն է հայտնում Հայ առաքելական եկեղեցու արժանավոր զավակ և ազգային բարերար Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի դեմ գործող իշխանությունների կողմից ձեռնարկված անօրինությունների և կամայականությունների առթիվ»,–ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ հայ հասարակության վերաբերմունքը Կարապետյանների ընտանիքի և անձամբ Սամվել Կարապետյանի հանդեպ ձևավորվել է Հայաստանի Հանրապետության անկախության տարիներին նրանց կողմից հայ ժողովրդին և հայկական երկու հանրապետություններին ցուցաբերած ծառայությունների, բազմաթիվ ազգօգուտ ծրագրերի իրականացման արդյունքում, որոնք նպաստել են Հայաստանի Հանրապետության, Արցախի զորացմանը և հայ ժողովրդի բարեկեցության ամրապնդմանը:
«Միջազգային ասպարեզում և սփյուռքում բարձր հեղինակություն վայելող Սամվել Կարապետյանի դեմ իշխանությունների ձեռնարկած գործողությունները հերթական կործանարար հարվածներն են մեր ազգային ինքնության, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու դեմ»,–ասվում է դիվանագետների տարածած հայտարարության մեջ:
Դիվանագետների խորհուրդը կարծում է, որ այս քայլերն ուղղված են մեր ազգային միասնության քայքայմանը և աշխարհասփյուռ հայության օտարմանը հայրենիքից:
Sputnik Արմենիա