Մայր աթոռ․ Կարապետյանի կալանավորումը վարչապետի հերթական հակաեկեղեցական գործողությունն է

Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական գործողությունների հերթական դրսևորումն է։ Այս մասին ասվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տաշիր» ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանը կալանավորվեց 2 ամսով։ Նրա նկատմամբ հետապնդում սկսվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, ակնհայտորեն տեղի տալով իշխանության բացահայտ ճնշումներին, որոշել է կալանք կիրառել ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Նրանք նպատակ ունեն վախի ու սպառնալիքի կիրառմամբ Հայոց Եկեղեցուն զրկել հավատավոր իր հոտի աջակցությունից»,– ասված է հաղորդագրությունում։

Մայր աթոռը սա համարում է հարված ինչպես Հայաստանի Հանրապետության վարկին ու հեղինակությանը, այնպես էլ Հայոց եկեղեցուն։

Նշվում է նաև, որ եկեղեցին իր զորակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանին և Կարապետյան ընտանիքին:

Sputnik Արմենիա