Սամվել Կարապետյան․ Ապօրինի կալանքով ու շինծու մեղադրանքով չեն կարող ինձ ճնշել, շեղել որդեգրածս սկզբունքներից
Գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել, որը դատարանի բակում հավաքված մարդկանց առջև ընթերցեց նրա փաստաբանը։
«Հարգելի հայրենակիցներ,
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում այս օրերին իմ և ընտանիքիս կողքին գտնվելու և մեզ աջակցելու համար։ Ցավոք, դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին, ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործելու ինքնուրույն, հանուն արդարության և առանց հանձնարարությունների։ Կյանքիս ընթացքում, հաջողություններին զուգընթաց ունեցել եմ նաև բազում դժվարություններ, բայց հոգիս երբեք չի հանձնվել։
Ապօրինի կալանքով, շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, շեղել իմ որդեգրած սկզբունքներից։ Ես միշտ լինելու եմ իմ ժողովրդի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, ջանք ու եռանդ չեմ խնայել ու չեմ խնայելու հայրենիքիս և հայության կյանքը բարելավելու, բարեկեցիկ և անվտանգ ապագա կերտելու համար։ Մենք պառակտող չենք, այլ ազգը համախմբող ենք։ Ամուր եղեք, մեր հաղթանակին այլընտրանք չկա։
Առաջ Աստված։ Շնորհակալություն աջակցության համար»,- ասվում է ուղերձում։
Alpha News