Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին. հիվանդանոց է վնասվել, տասնյակ մարդիկ տուժել են

Այսօր առավոտյան Իրանը հրթիռային հարված է իրականացրել Իսրայելի վրա, կան տուժածներ։

Իսրայելական ԶԼՄ–ների փոխանցմամբ՝ հրթիռակոծությունը զանգվածային է եղել։ Իսրայելի տարածքի ուղղությամբ առնվազն 30 հրթիռ է արձակվել։ Եղել են թիրախային հարվածներ։

Մասնավորապես, վնասվել է Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքի «Սորոկա» հիվանդանոցը, որտեղ, նախնական տվյալներով, առնվազն 10 մարդ է տուժել։

IRNA–ն էլ գրում է, որ Իրանի հասցված հարվածի հիմնական թիրախներն էին հիվանդանոցի մոտակայքի իսրայելական բանակի ստորաբաժանման շտաբը և հետախուզական կենտրոնը: Հիվանդանոցը հարված է ստացել պայթյունի ալիքից, երբ ռազմական ենթակառուցվածքները անմիջական թիրախ են դարձել:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ևս մոտ 30 մարդ վիրավորվել է Թել Ավիվի կենտրոնում գտնվող շենքի վրա իրանական հրթիռի ընկնելու հետևանքով։

Փլուզվել է Իսրայելի բորսայի շենքը։

Միևնույն ժամանակ, Իսրայելը գրոհել է Իրանի Խոնդաբի շրջանի վրա, որտեղ ծանր ջրային ռեակտոր կա։

Իրանական ԶԼՄ–ների տվյալներով՝ ճառագայթման արտահոսքի սպառնալիք չկա։

Sputnik Արմենիա