Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Երևանի Բաղրամյան պողոտան
Անհետ կորածների հարազատները երեկվանից փակ են պահում Երևանի Բաղրամյան պողոտան։ Հունիսի 18-ին նրանք նախ բողոքի ակցիա արեցին ՀՀ կառավարության շենքի մոտ` պահանջելով, որ Արմեն Աբազյանը վերականգնվի ԱԱԾ տնօրենի պաշտոնում, քանի որ, նրանց խոսքով, Աբազյանը հսկայական աշխատանք է արել հանձնաժողովի շրջանակում, հետո փակեցին Բաղրամյան պողոտան։
Նրանցից մեկը` Արսեն Ղուկասյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իրենց խնդիրն իրենց որդիների հարցով զբաղվելն է, որ մոռացության չտան այդ խնդիրը։
«Ինչպես Փաշինյանը ազատեց Աբազյանին, որը երկար զբաղվել էր այդ խնդրով, այնպես էլ կարա իր հրամանը չեղյալ համարի, հետ բերի»,– ասա նա։
Լրագրողի դիտարկմանը, թե Փաշինյանը հավաստիացրել է, որ խնդիրը չի անտեսվի, նա արձագանքեց. «Կներեք, ես նրա ոչ մի խոսքին չեմ հավատում, Փաշինյանը պոտենցիալ սուտասան է»։
Հիշեցնենք՝ Արմեն Աբազյանը հունիսի 18-ին ազատվեց ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում շրջանցեց լրագրողի այն հարցը, թե արդյոք ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը կապ ունի գործարար Սամվել Կարապետյանի և Հայ առաքելական եկեղեցու դեմ նրա գրառումների ու քայլերի հետ։ Նա նշեց, որ իր իշխանության օրոք Արմեն Աբազյանն ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, ընդ որում` ամենաբարդ ժամանակահատվածում` 2020 թվականից սկսած, ու արժանացել է նրան, որ մի քիչ հանգստանա։
Sputnik Արմենիա