Արցախցիները բողոքի ակցիա են անց կացնում սոցիալական խնդիրների անժամկետ լուծման պահանջով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախցիները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով լուծել իրենց սոցիալական խնդիրները, մասնավորապես՝ անժամկետ տրամադրել «40+10» աջակցության ծրագրի ամենամսյա վճարումները։
«Արցախահայության սոցիալական հարցերի շուրջ մենք՝ արցախցիներս, պահանջատեր ենք, իսկ ՀՀ ներկայիս իշխանությունը՝ պատասխանատու»,- ակցիայի ժամանակ ասել է «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» անդամ, «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող Անաստաս Իսրայելյանը։
Նրա խոսքով՝ կառավարությունից առաջարկել էին մեկ ամսով երկարաձգել «40+10» հազար դրամի աջակցությունը՝ պայմանով, որ կհանեն «Ազատության» հրապարակում տեղադրված վրանը։ Ավելի ուշ, երբ չեն համաձայնվել պայմանին, կառավարությունը խոստացել է երկու ամսով երկարաձգել աջակցությունը։
«Առևտրի առարկա էին սարքել, մենք ասել ենք՝ ոչ, սոցիալական աջակցությունը պետք է լինի անժամկետ»,- ասել է նա։
Իսրայելյանը սուտ է որակել բոլոր հարցերը քննարկելու կառավարության առաջարկները, օրինակ բերելով «40+10» ծրագրի դադարեցումը որոշակի խմբերի համար։
«Հարգելի՛ արցախահայություն, ձեզ բոլորիդ խաբել են, որ այդ շարժումը լուծարեն, թուլացնեն։ Այն խմբերը, որ հանդիպել են իշխանության ներկայացուցիչների հետ, բոլոր այն կարևոր կետերը, որ սկզբնական շրջանում խոսք էին տվել, որ անդրադառնալու են ու բարելավելու են, այդ կետերը չեն փոխվել»,- շեշտել է նա։
Նա տեղեկացրել է, որ լքել է «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» և մեղադրել է խորհրդի ներկայացուցիչներին, որոնք կառավարության հետ համագործակցելով՝ մոլորեցնում են մարդկանց։
«Պատճառները ներկայացրել եմ։ Մնացած մարդիկ էլ թող այդ համարձակությունն ունենան, դուրս գան կամ էլ ասեն՝ ինչ է կատարվում»,- պարզաբանել է Իսրայելյանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը միայն «կոսմետիկ փոփոխություններ» է արել, իսկ իրենց հիմնական պահանջը` երկարաձգել վճարումները, չի կատարել։
Հունիսի 11-ին Արցախի նորանշանակ պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հայտարարել էր, որ խորհրդի ջանքերով հասել են մի շարք դրական փոփոխությունների, մասնավորապես՝ 158 բնակավայր, որտեղ ապրում է 13 207 արցախցի, կներառվի «4 միլիոն դրամանոց գոտում»։ Նա տեղեկացրել էր, որ «40+10» ծրագրի շուրջ հաջողության հասնել դեռ չի հաջողվել։
Ապրիլից ՀՀ իշխանությունները կրճատել էին «40+10» աջակցության ծրագրով բնակվարձի փոխհատուցում ստացող արցախցիների թիվը՝ բացատրելով, որ այդ աջակցությունը խոչընդոտում է բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու երկարաժամկետ պետական ծրագրերին։ Այդ որոշման դեմ մարտի 29-ին արցախցիները հանրահավաք էին անցկացրել, որտեղ պահանջել էին շարունակել բնակվարձի փոխհատուցումը, ինչպես նաև երկարաժամկետ սոցիալական ծրագրեր նախաձեռնել։ Նույն օրը նրանք վրաններ էին տեղադրել «Ազատության» հրապարակում։
«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» անդամներն ապրիլի 29-ին տեղեկացրել էին, որ «Ազատության» հրապարակից հեռացնելու են վրանը և տեղակայելու են Արցախի ներկայացուցչությունում։ Նրանք նաև ասել էին, որ ապրիլի 30-ին կառավարությունը ոչ միան երկարաձգելու է «40+10» ծրագիրը, այլև ընդունելու է խորհրդի ներկայացրած պահանջները։
Armenia Today