Սամվել Կարապետյանի կալանավորումը Փաշինյանի վախերի դրսևորումն է. լեզվակռիվ ԱԺ-ում
ՀՀ գործող իշխանությունը մինչև 2018 թվականըպայքարում էր զանգովի արդարադատության դեմ, սակայն 2018 թվականից հետո «աբդեյթ» եղավ ու սկսեց ֆեյսբուքյան արդարադատություն իրականացնել։ Այդ մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումների և գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող քայլերի կապին։
«Սամվել Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորումն է։ Այս տարիների ընթացքում Փաշինյանն ապացուցել է, որ ինքն առհասարակ ատում է հաջողակ մարդկանց, նրանց, ովքեր հաղթանակի հետ են ասոցացվում, նրանց, ովքեր արժեք են ստեղծում, ու էական չէ` ովքեր են այդ մարդիկ»,– հայտարարեց պատգամավորը` հիշեցնելով աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանի, ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին, որոնք լքեցին երկիրն ու հիմա այլ երկրի դրոշի ներքո են հանդես գալիս։
Նրա խոսքով` Փաշինյանը թշնամիներ ունի ոչ թե երկրի սահմաններից դուրս, այլ ներսում` հայի անուն–ազգանուն ունեցողներն են նրա թշնամիները։ Այս համատեքստում Գրիգորյանը հիշեցրեց, որ վաղը Փաշինյանը մեկնելու է Թուրքիա։
«Գոհ կլինեն այնտեղ ձեզնից, վստահ եմ` շատ գոհ կլինեն»,– հայտարարեց նա։
Պատգամավորի այս և Փաշինյանին վերաբերող մի շարք այլ սուր հայտարարություններն արժանացան ՔՊ–ականների բուռն արձագանքին. նրանք տեղից սկսեցին ռեպլիկներ անել ու ընդհատել Գրիգորյանի ելույթը, ինչի համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց Արման Եղոյանին ու Նարեկ Ղահրամանյանին։
Երբ ընդդիմադիր պատգամավորը սկսեց խոսել ՀՀ պետական պարտքի ավելացման մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղից արձագանքեց, որ պատրաստ է բոլոր ծախսերը ընդդիմադիր պատգամավորներին ցույց տալ և պատրաստ է հանդիպել նրանց հետ։ Այս հարցով Գրիգորյանն ու Փաշինյանը բանավիճեցին։
Sputnik Արմենիա