ՀԷՑ-ի 100%-ը գրավադրված է միջազգային ֆինանսական կազմակերպություններում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության 100 % բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսական կազմակերպություններում։ Այս գրավադրման գործարքին 2021 թվականի օգոստոսի 27-ին համաձայնություն է տվել ՀՀ կառավարությունը, իսկ օրեր անց՝ սեպտեմբերի 1-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Այս մասին գրում է Factor.am-ը։

«ՀԷՑ-ի բաժնետոմսերը գրավադրվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից մինչև 70 մլն դոլար, Ասիական զարգացման բանկից՝ մինչև 35 մլն դոլար, և Միջազգային ֆինանսական կորպորացիայից՝ մինչև 20 մլն դոլար վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց։

Նկատենք, սակայն, ընկերության գրավադրման հանգամանքը խոչընդոտ չէ դրա վաճառքի կամ պետականացման համար (եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ)։ Նման դեպքերում գնորդը ժառանգում է նաև գրավադրման պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Ընդ որում, ըստ փաստաթղթերի, ՀԷՑ-ի բաժնետոմսերի միայն 70 %-ն է պատկանում Սամվել Կարապետյանի «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերությանը։ Մյուս 30%-ի սեփականատերն այլ իրավաբանական անձ է՝ Կիպրոսում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը: Դեռևս 2015-ին մամուլը գրել էր, որ օֆշորային այս ընկերությունը ևս փոխկապակցված է Սամվել Կարապետյանի հետ։ Ուշագրավ է, որ թեև ընկերության 2016-ի հաշվետվությունում է նշվում, որ «ՀԷՑ» բաժնետոմսերի 100%-ը «Տաշիր» ընկերությունների խմբին անցել է 2016 թ. դեկտեմբերի 28-ից, Հայաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ի իրական շահառու է դարձել 2009 թվականին: ՀԷՑ-ի 2024 թվականի հաշվետվության համաձայն՝ ընկերության վերջնական հսկող անձն է Սամվել Կարապետյանը և նրա ընտանիքը: Հաշվետվությունից նաև տեղեկանում ենք, որ 2024 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժնետիրական կապիտալում 100% բաժնեմասը շարունակում է գրավադրված մնալ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերի դիմաց: Ի դեպ, ՀԷՑ-ը գրավով վարկ է ստացել նաև ՀՀ կառավարությունից՝ 2016 թ-ին, մոտ 6 մլրդ դրամի չափով: Ընդհանուր առմամբ՝ ՀԷՑ-ի պարտավորությունները վարկերի և փոխառությունների գծով 2024-ի տարեվերջին կազմել են 772 մլրդ դրամ (մոտ 200 մլն դոլար)։ Միաժամանակ, ըստ ՊԵԿ-ի տվյալների, ընկերությունը 2024-ին բյուջե է վճարել 123 մլրդ դրամ հարկ»,–գրում է լրատվամիջոցը։

News.am