Ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում. փոխվարչապետ Գրիգորյանի փաստարկները
Ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն հարմարավետ է զգում, և Երևանի եվրաինտեգրման հարցը ռուսաստանցիների վրա չի ազդում։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակում «Հայաստան-Ռուսաստան» պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Մինչ այդ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանի մերձեցումը Եվրամիության երկրների հետ բացասաբար է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության հետ նրա համագործակցության վրա։ Եվ, ըստ Օվերչուկի, Ռուսաստանը այլևս չի կարող չտեսնել Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Նա կանխատեսում է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի անկում մինչև 6 մլրդ դոլար։ Նա հիշատակել է նաև մարտին ընդունված օրենքը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։
ՀՀ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը շատ լուրջ է վերաբերվում եվրաինտեգրման հարցին, և դրանում որևէ սիմվոլիզմ չկա։
«... Բայց միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ մենք ցուցիչներ ունենք, որոնց պետք է անընդհատ դիմենք: Ես կարծում եմ, որ անկախ նրանից, թե ինչ իրավական կոնֆիգուրացիա ունենք այս հարցի հետ կապված, ռուսաստանցիներն իրենց հիանալի են զգում Հայաստանում: Մենք հպարտանում ենք դրանով: Սա նշանակում է, որ «գոնե մարդկանց մակարդակով» դրամատիզմ դեռ չկա: Ռուսական բիզնեսը շատ հարմարավետ է զգում իրեն Հայաստանում», – ասել է ՀՀ փոխվարչապետը:
Նրա խոսով` խնդրահարույց հարցեր իհարկե առաջանում են, և դրանք պարբերաբար քննարկվում են, այդ թվում՝ ռուսաստանցի գործընկերների հետ:
Գրիգորյանը նշել է, որ 2024 թվականի արդյունքներով ռուսական բիզնեսը դիվիդենտներ է վճարել գործընկերներին: Եվ խոսքը ոչ միայն համատեղ ընկերությունների, այլև 100% ռուսական կապիտալ ունեցող ընկերությունների մասին է:
ՀՀ փոխվարչապետը կարծում է, որ ռուսական կողմը չպետք է մտահոգվի ԵՄ-ի հետ մերձեցման առիթով:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԵԱՏՄ-ից տեսականորեն դուրս գալու մասին խոսակցությունները սկսվեցին այն բանից հետո, երբ ԱԺ–ն 2025 թվականի մարտի 26-ին ընդունեց օրինագիծ՝ երկրի՝ Եվրամիությանը միանալու մտադրության մասին, չնայած այն հանգամանքին, որ միությունը անդամակցություն չէր առաջարկում երկրին, իսկ ընդդիմությունը փաստաթուղթը իրավական առումով աբսուրդ է որակել:
Sputnik Արմենիա