Հայկական Կարմիր խաչի կամավորներն «Ագարակում» են մնացել Իրանից ժամանողներին օգնելու համար

Հայկական Կարմիր խաչի գրասենյակի կամավորները հավաքել են հայ-իրանական սահմանի «Ագարակ» անցակետի մոտ երեկ տեղադրված առաջին օգնության շարժական կայանը, սակայն Կարմիր Խաչի անձնակազմը դեռևս տեղում է Իրանից ժամանող քաղաքացիներին անհրաժեշտ առաջին օգնություն ցուցաբերելու համար։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Հայկական Կարմիր խաչի մամուլի խոսնակ Արթուր Հովհաննեսյանը։

Երեկ հայտնել էինք, որ Հայկական Կարմիր խաչի գրասենյակն անցակետում առաջին օգնության կետ է բացել Իրանից ժամանող քաղաքացիների համար։

«Այս պահին Իրանից Հայաստան ժամանող քաղաքացիների հոսքը մեծ չէ, բայց Հայկական Կարմիր խաչի կամավորները շարունակում են մնալ անցակետի մոտ, բայց ոչ այն հատվածում, որտեղ երեկ էին», - ասաց Հովհաննեսյանը։

Նա բացատրեց, որ վրանը տեղադրվել է երեք նպատակով՝ ժամանողներին օգնություն ցուցաբերելու, նրանց կարիքները գնահատելու և կազմակերպության կարողությունները ստուգելու համար։

Հովհաննեսյանը հիշեցրեց, որ Մեղրիում (Իրանի հետ սահմանին) օդի ջերմաստիճանն ավելի բարձր է, քան Հայաստանի մյուս քաղաքներում, և ամռանը հատկապես շոգ է։ Ժամանող քաղաքացիները կարող են արևահարվել կամ եթե ունեն քրոնիկ հիվանդություններ, դրանք կարող են սրվել։ Հնարավոր ռիսկերը մեղմելու համար կազմակերպության աշխատակիցները մեկնել են այնտեղ՝ նրանց առաջին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու համար։

Այս պահին Կարմիր Խաչի կամավորները օգնել են երկու քաղաքացու, որոնք արևահարվել են, և նրանց մաշկը կարմրած է եղել։

Հովհաննեսյանի խոսքով` սա նաև իրենց համար փորձ է՝ ստուգելու և գնահատելու կարողությունները, ավելի լավ հասկանալու իրենց գործառույթներն ու արձագանքները նման իրավիճակներում։

Կամավորների թվում կան մասնագետներ, որոնք անցել են միջազգային վերապատրաստում։

Ավելի վաղ Չինաստանի, Վրաստանի և Ռուսաստանի դեսպանություններն իրենց քաղաքացիներին հորդորել էին տարհանվել Իրանից` 4 հնարավոր երթուղիների շարքում դիտարկելով նաև Հայաստանը։