Էմիր Կուստուրիցան մեկնաբանել է Սամվել Կարապետյանի շուրջ ծավալված իրադարձությունները

Հայ առաքելական եկեղեցուն աջակցելու համար գործարար Սամվել Կարապետյանի դեմ սկսված հետապնդումը Արևմուտքի` հասարակության նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու փորձերի մի մասն է։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է հանրահայտ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան:

«Եթե որևէ մեկը սոցցանցերում գրել է եկեղեցու նկատմամբ սպառնալիքների մասին, իսկ մյուսները դրա համար կալանավորում են նրան, դա «Օրուելյան հասարակության» (հանրության նկատմամբ տոտալ վերահսկողություն և քարոզչություն. խմբ.) բարձրագույն աստիճանն է: Դա անում է Զելենսկին Ուկրաինայում, դա փորձեցին անել Չեռնոգորիայում, բայց այնտեղ մարդիկ ոտքի կանգնեցին, և Բելգրադը կարողացավ պաշտպանել եկեղեցին, ուստի մեզ մնում է հավատալ, որ մենք՝ ուղղափառներս, պաշտպանություն ունենք և այն փնտրում ենք մեր եղբայրական Ռուսաստանում», - ասաց Կուստուրիցան:

Նրա խոսքով՝ ներկայիս աշխարհում, որտեղ սկսվել է արևմտյան կայսրության անկում, նրանք փորձում են ամեն ինչ անել «Օրուելյան հասարակությանը» նմանվելու համար:

«Մեզ համար ուղղափառ եկեղեցին պաշտպանության վերջին գիծն է, հենակետն այն բանի, որը ես անվանում եմ քաղաքակրթական ազատ աշխարհ։ Քանի որ մեր ազատությունը չափվում է նվիրումի ջանքերով, որոնք արտահայտվում են ստեղծագործությամբ, հասարակական միասնությամբ, եկեղեցու հանդեպ հարգանքով և այն ամենով, ինչը ստեղծում է ազատություն, որը փոխանցվում է մարդուց մարդուն, այլ ոչ թե ուրիշների կողմից ոմանց ընկճելու միջոցով», – ընդգծել է ռեժիսորը:

Sputnik Արմենիա