Ինչո՞ւ են Երևանում և մարզերում ոստիկանական ուժեր կուտակվել. ՆԳՆ-ի պարզաբանումը

ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են սկսվել։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն էլ հայտնեց, որ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցներում։ Այս ամենին զուգահեռ բազմաթիվ ոստիկաններ շրջափակել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեցավայրը Պռոշյան փողոցում։

«ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ»,–նշել է ՆԳՆ խոսնակը։

ՆԳՆ–ն կոչ է անում պահպանել հասարակական կարգը` զգուշացնելով, որ ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Անկարա` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման: ՀՀ վարչապետը երեկ հայտարարեց, որ հանրության համար նախատեսվում է այցի օրակարգի մասին համատեղ հայտարարություն` ըստ փոխադարձ պայմանավորվածությունների, և դրա կետերը նախապես չեն հրապարակի։

Sputnik Արմենիա