ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է. ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԸ` ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ ԿԱՏԱՐՎՈՂԻ ՄԱՍԻՆ
Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ողբերգություն է, քանի որ եկեղեցին հայ ժողովրդի համար հավաքական կենտրոն է։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է ԽՍՀՄ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, անկախ Հայաստանի Զինված ուժերի ստեղծողներից գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Տեր-Գրիգորյանցը նշեց, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորման և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին Հայաստանի իշխանությունների հայտարարությունների մասին իմացել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու տաճարում:
«Դա Եվրոպայի ազդեցությունն է, որտեղ սատանայական գործեր են կատարվում, և իշխում է հակաքրիստոսը։ Կարապետյանն աջակցել է եկեղեցուն, այնպես է, որ բոլոր հայերն էլ աջակցում են եկեղեցուն։ Այսինքն՝ բոլորին, այդ թվում՝ նաև ինձ, պետք է կալանավորե՞ն։ Դա խայտառակություն է։ Ես ամաչում եմ, որ նման բան է տեղի ունենում մեր պատմական հայրենիքում»,– ասել է Տեր-Գրիգորյանցը։
Նա հայտարարել է, որ մարդկայնորեն աջակցում է Կարապետյանին, ով միշտ օգտակար է եղել Հայաստանին և բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծել հայրենիքում:
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։