Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի փակմանը
Իրանի խորհրդարանը որոշում է կայացրել փակել Հորմուզի նեղուցը, վերջնական որոշումը պետք է հաստատի Իրանի Ազգային անվտանգության խորհուրդը, հայտնել են խորհրդարանից: Հորմուզի նեղուցը միացնում է Պարսից և Օմանի ծոցերը, նեղուցի հյուսիսում գտնվում է Իրանը, հարավում՝ Օմանը և ԱՄԷ-ն։
Ավելի վաղ Իրանի պաշտպանության նախարարությունը X սոցցանցի իր էջում սպառնացել էր փակել Հորմուզի նեղուցը՝ Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին:
«Նավթային լցանավերը Հորմուզի նեղուցով Եվրոպա չեն անցնի»,- նշվում է պաշտպանական գերատեսչության հրապարակման մեջ:
Ընդ որում, ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին նշել է, որ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ կփակվի, եթե Իրանի ինքնիշխանության դեմ ագրեսիան շարունակվի, Իրանն առանց կոշտ պատասխանի թույլ չի տա իր տարածքային ամբողջականության խախտում:
Ի պատասխան՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը Իրանի համար «ինքնասպանություն» է անվանել Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու հնարավոր փորձը։
Հորմուզի նեղուցի մասին
Նեղուցը Պարսից ծոցը միացնում է Օմանի ծոցին և Արաբական ծովին։ Հյուսիսային ափը պատկանում է Իրանին, իսկ հարավային ափը՝ ԱՄԷ-ին և Օմանին։ Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանի երկրների ռազմական անվտանգության, այնպես էլ համաշխարհային առևտրի տեսանկյունից: Այս համեմատաբար նեղ ծովային ճանապարհը Պարսից ծոց միակ անցումն է ինչպես ռազմական, այնպես էլ առևտրային նավերի համար:
Հորմուզի նեղուցում էներգետիկ ռեսուրսների անխափան մատակարարումը և անվտանգ նավարկությունը հիմնականում կախված են այս երթուղով մատակարարվող էներգետիկ ռեսուրսների ներմուծողներից և արտահանողներից: Առաջինների թվում են Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և ԵՄ երկրները: Այս երթուղով նավթ և գազ են մատակարարում Սաուդյան Արաբիան, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն և Բահրեյնը:
Տարածաշրջանի երկրների մեծ մասի համար Հորմուզի նեղուցը Ասիա էներգակիրների առաքման միակ ալիքն է։
Նավթի և գազի համաշխարհային շուկայում առաջարկի և պահանջարկի ծավալները, որոնք համապատասխան ազդեցություն ունեն դրանց գնի վրա, կախված են նրանից, թե որքան անխափան և անվտանգ կլինի նեղուցում նավարկությունը: Այս նեղուցի այլընտրանքը խողովակաշարերն են, որոնց միջոցով էներգակիրները կարող են առաքվել՝ շրջանցելով նեղուցը: Դրանց հասանելիություն ունեն միայն Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և հենց Իրանը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:
ԱՄՆ-ի հարձակումն արդեն բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար:
Sputnik Արմենիա