Ռուբիո․ Եթե Իրանը որոշի փակել Հորմուզի նեղուցը, դրան կարձագանքի ոչ միայն ԱՄՆ-ն
ԱՄՆ-ն Չինաստանին կոչ է անում համոզել Իրանին չփակել Հորմուզի նեղուցը: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Հորմուզի նեղուցը փակելու Իրանի հնարավոր որոշումը կհանգեցնի հակամարտության էսկալացիայի և ԱՄՆ-ի պատասխանին, կարող է հրահրել նաև այլ երկրների»,- ասել է նա:
Ռուբիոն կոչ է արել Չինաստանին համոզել Իրանին չփակել Հորմուզի նեղուցը։
Մինչ այդ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Իրանի՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խախտելու փորձը ծանր տնտեսական հետևանքների կհանգեցնի հենց Թեհրանի համար և կդառնա «ինքնասպանություն»:
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Կոուսարին հայտարարել էր, որ խորհրդարանն անհրաժեշտ է համարում փակել Հորմուզի նեղուցը, սակայն վերջնական որոշումը պետք է հաստատի Ազգային անվտանգության խորհուրդը:
«Նրանց ամբողջ տնտեսական գործունեությունն իրականացվում է Հորմուզի նեղուցով։ Եթե նրանք ցանկանան ոչնչացնել այն և համաշխարհային ճգնաժամ առաջացնել, դա կլինի նրանց լուծումը։ Բայց ինչու են դա նրանց պետք: Դա ինքնասպանություն կլիներ»,- ասել է Վենսը NBC հեռուստաալիքի եթերում։
Հորմուզի նեղուցով անցնում է համաշխարհային նավթային հոսքի գրեթե մեկ հինգերորդը։
Նեղուցը Պարսից ծոցը միացնում է Օմանի ծոցին և Արաբական ծովին։ Հյուսիսային ափը պատկանում է Իրանին, իսկ հարավային ափը՝ ԱՄԷ-ին և Օմանին։ Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանի երկրների ռազմական անվտանգության, այնպես էլ համաշխարհային առևտրի տեսանկյունից: Այս համեմատաբար նեղ ծովային ճանապարհը Պարսից ծոց միակ անցումն է ինչպես ռազմական, այնպես էլ առևտրային նավերի համար:
Հորմուզի նեղուցում էներգակիրների անխափան մատակարարումից և անվտանգ նավարկությունից առաջին հերթին կախված են այս երթուղով մատակարարվող էներգակիրների ներկրողներն ու արտահանողները։ Առաջինների մեջ մտնում են Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, ԵՄ երկրները: Այս երթուղով նավթ և գազ են մատակարարում Սաուդյան Արաբիան, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Քաթարը, ԱՄԷ-ն և Բահրեյնը:
Sputnik Արմենիա