Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՉՍՏՈՐԱԳՐՎԵԼԸ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՋԱՐԴՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԻՆ

Փաշինյանի Թուրքիա կատարած այցի «առաջին ծաղիկներն» են ուրվագծվել` Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում, Ադրբեջանի նախաձեռնությամբ «Ստամբուլյան հռչակագիր» անունը կրող փաստաթուղթ և 5 բանաձևեր են ընդունվել, որում անդրադարձ կա նաև Հայաստանին: Այս մասին սոցցանցերում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա նշում է՝ դեկլարացիայում ամրագրվել է «բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» Հայաստան (փաստաթղթում որպես «Արևմտյան Ադրբեջան» է ներկայացվում): Ավելին, ՀՀ-ին կոչ է արվել վերացնել այն խոչընդոտները, որոնք հնարավորություն կտան խաղաղության պայմանագիր կնքել:

«Հայաստանյան կառավարչի` արցախցիների իրավունքների պաշտպանությունից և, մասնավորապես, հավաքական վերադարձից ու ՀՀ-ի օկուպացված տարածքների թեմայից հրաժարվելու պայմաններում, Ադրբեջանը միջազգային օրակարգ է հրում, այսպես կոչված» «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը, որը ներառում է ներկայիս Հայաստանի զգալի մասը: Ավելին, Ադրբեջանի` բանակցային գործընթացում դրսևորվող անհագ հավակնությունների պայմաններում, փաստաթղթի չստորագրվելն էլ ջարդվում է Հայաստանի գլխին,-նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք` Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20–ին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա։ ՀՀ վարչապետը մինչ այդ հայտարարեց, որ հանրության համար նախատեսվում է այցի օրակարգի մասին համատեղ հայտարարություն` ըստ փոխադարձ պայմանավորվածությունների, և դրա կետերը նախապես չեն հրապարակի։

Հանդիպումից հետո կողմերը հայտնեցին, որ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և երկխոսության զարգացումը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի շփումները։

Sputnik Արմենիա