Իրանի ԱԳՆ․ Թեհրանը կշարունակի ուրան հարստացնել խաղաղ նպատակների համար
Իրանը մտադիր չէ հրաժարվել խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից՝ շարունակելով հետևել միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորություններին, այլ պետություններն իրավունք չունեն սահմանափակել Թեհրանին այս հարցում, հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թահթ-Ռավանչին։
«Մենք միջուկային զենքի չտարածման պայմանագրի բարեխիղճ մասնակից ենք, այդ հիմքի վրա մենք ուրան ենք հարստացնում խաղաղ նպատակներով, մեր երկրի բարօրության համար։ Ոչ ոք չի կարող մեզ ասել, թե ինչ պետք է անենք, քանի դեռ մենք կատարում ենք պայմանագրով ստանձնած մեր պարտավորությունները»,- ասել է Թահթ-Ռավանչին գերմանական ARD հեռուստաալիքի եթերում։
Նա նաև նշել է, որ չի պատրաստվում մեկնաբանել Իրանի միջուկային ծրագրի վիճակը հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից հասցված հարվածներից հետո։ Միաժամանակ, փոխնախարարն ընդգծել է, որ ռմբակոծությունն ինքնին «ագրեսիայի ակնհայտ ակտ» է։ Իրանը, նշել է Թահթ-Ռավանչին, այս իրավիճակում «ագրեսիայի զոհ» է և իրավունք ունի արձագանքել դրան՝ համաձայն ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի։ Միևնույն ժամանակ, դիվանագետը չի մեկնաբանել Իրանի կողմից Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներին հարվածելու հնարավորությունը։
Փոխարտգործնախարարն առանձին քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքերը, որն աջակցել է Իրանի դեմ Իսրայելի գործողությանը, և հայտնել է, որ հրեական պետությունն իր գործողություններով «կեղտոտ աշխատանք» է կատարում բոլոր արևմտյան երկրների փոխարեն: Թահթ-Ռավանչին կոչ է արել Բեռլինին «կանգնել զոհի, այլ ոչ թե ագրեսորի կողքին»:
News.am