Հունաստանում լրտեսության համար ադրբեջանցու են ձերբակալել
Հունաստանի իշխանությունները լրտեսության համար ձերբակալել են ադրբեջանցու, որը բերման է ենթարկվել Կրետե կղզու հյուսիսարևմտյան ափին գտնվող Սուդայի ռազմածովային բազան լուսանկարելիս, հայտնել է Kathimerini օրաթերթը։
Ըստ լրատվականի՝ 26-ամյա տղամարդը հունիսի 22-ին ձերբակալվել է Ազգային հետախուզական ծառայության (EYP) և Հունաստանի ոստիկանության համատեղ գործողության արդյունքում։ Կասկածյալն, ըստ լրատվականի, ծնվել է Ադրբեջանում, բայց ունի լեհական անձնագիր։
Տղամարդը հունիսի 18-ին հյուրանոցում սենյակ էր վարձակալել՝ խնդրելով տեսարան դեպի Սուդայի ծոցը։ Նա մեկ ամսվա մնալու համար նախապես վճարել էր, սակայն, ըստ տեղեկությունների, գրեթե դուրս չէր եկել սենյակից։ Նրա մոտ հայտնաբերված տեսախցիկից և համակարգչից հավաքված թվային ապացույցները պարունակում էին ռազմածովային բազա մտնող և դուրս եկող նավերի շուրջ 5000 ֆայլ։
Իշխանությունները հետաքննում են նրա հնարավոր կապը մեկ այլ ադրբեջանցու հետ, որը մի քանի օր առաջ բրիտանական ռազմաբազաների առնչությամբ լրտեսության կասկածանքով ձերբակալվել էր Կիպրոսում՝ Լիմասոլում։
Armenia Today