«Դալմա Գարդեն Մոլն» աջակցություն է հայտնել իր հիմնադրին` Սամվել Կարապետյանին
«Դալմա Գարդեն Մոլի» ողջ թիմն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնել առևտրի կենտրոնի հիմնադիր, գործարար, բարերար Սամվել Կարապետյանին` ակնկալելով նրա շուտափույթ ազատ արձակումը։ Այդ մասին հայտարարություն է տարածել առևտրի կենտրոնի աշխատակազմը։
«Շատերը գուցե չգիտեն, որ Դալման «Տաշիր» ընկերությունների խմբի անդամ է, և մեր ձեռքբերումների հետևում կանգնած է մի մարդ՝ «Դալմա Գարդեն մոլի» հիմնադիր, անվանի գործարար և բարերար Սամվել Կարապետյանը։ Նա էր, որ տարիներ առաջ հավատաց մի գաղափարի, որն այն ժամանակ անիրական էր թվում, և մյուսներին վարակեց իր հավատով ու ոգևորությամբ։ Նա տարիներ շարունակ եղել է այն առաջնորդը, որի ջանքերով մեր երկրի տնտեսությունը աճել է, ստեղծվել են երկու տասնյակ հազարից ավել աշխատատեղեր, և համայնքները զգացել են այդ բարեգործ ձեռքի ջերմությունը»,– ասված է հայտարարության մեջ։
«Դալմա Գարդեն Մոլի» աշխատակազմը նշել է, որ դժվար այս օրերին կանգնած է Կարապետյանի կողքին՝ վստահ լինելով, որ ճշմարտությունն ու արդարությունը կհաղթեն։
Առևտրի կենտրոնի աշխատակազմից հիշեցրել են, որ «Դալմա Գարդեն Մոլը» արդեն ավելի քան 10 տարի Հայաստանի շոփինգի և բիզնես մշակույթի որակապես նոր էջն է բացել, հազարավոր աշխատատեղեր ստեղծել, դարձել երևանցիների ամենասիրելի ժամանցի ու զվարճանքի վայրերից մեկը և ամենակարևորը` համայնքի զարգացման կարևոր շարժիչ ուժը։
Նշվում է, որ «Դալման» միշտ նախաձեռնել է բազմաթիվ սոցիալական ծրագրեր, կրթաթոշակներ, բնապահպանական և հայրենիքի պաշտպանությանը միտված նախաձեռնություններ՝ հավատալով, որ բիզնեսը պարտավոր է փոխհատուցել այն համայնքին, որը ոգեշնչում է նրան և հնարավորություն տալիս զարգանալ։
Բացի այդ, «Դալմայի» բացումից հետո Հայաստանը իր վրա հրավիրեց մի շարք նոր միջազգային ներդրողների ուշադրությունը, որը փոխեց մեր քաղաքի առևտրային միջավայրը։
Sputnik Արմենիա