Քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի. Սամվել Կարապետյանը խոսել է ՔՊ-ի փոքր խմբակի մասին

Քաղաքական դաշտը վերածվեց կրկեսի, իսկ Ազգային ժողովը` ձեռնամարտի մի մեծ ռինգի: «Արմավիր» ՔԿՀ–ից տարածած իր նոր հայտարարության մեջ այս մասին նշել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։

Նա նշել է, որ չդիմանալով օբյեկտիվ քննադատություններին, հատկապես ընդդիմադիր կին պատգամավորներ` Աննա Գրիգորյանի, Քրիստինե Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի, Աննա Մկրտչյանի, Թագուհի Թովմասյանի և այլոց կողմից հնչած, «ՔՊ փոքրիկ խմբակը», չունենալով ոչ մի պատասխան, ժամանակ առ ժամանակ նետվում է ձեռնամարտի` կանանց պաշտպանող քաղաքական գործիչների հետ:

«Ուզում եմ պարզաբանել, թե ինչը կամ ովքեր են այդ փոքրիկ խմբակը: ՔՊ-ի այն անդաստիարակ, հարգանք չունեցող թևն է, որը նվազագույն ակնարկից պատրաստ է հոշոտել երկրի բոլոր արժեքները, նսեմացնել բոլոր սրբությունները»,– նշել է Կարապետյանը:

Նա վստահ է, որ ՔՊ այդ խմբակի մեջ էլ կան պարկեշտ անձնավորություններ, որոնց համար ևս այս ամենը, մեղմ ասած, զզվելի, տհաճ է:

«Նրանց խորհուրդ եմ տալիս չվախենալ, չմոռանալ պարզ մարդկային արժեքները, չդառնալ Հայ ազգի նզովյալները: Շատ բան պետք չէ, պետք է փորձել առերեսվել մեր ժողովրդի հետ, ժողովրդի առջև արտաբերել ես Հայ եմ, բառերը: Շուտով մենք միասին ներքին համերաշխություն ենք ունենալու: Պայքարելու ենք»,– իր հայտարարությունը եզրափակել է Կարապետյանը։

Նշենք, որ հունիսի 18–ից հետո սա Սամվել Կարապետյանի արդեն 5–րդ հայտարարությունն է։

Sputnik Արմենիա