Երմոլովիչ․ ԵՏՀ-ն ՌԴ պետգնումների շուկայի հասանելիության ուղիներ կառաջարկի ԵԱՏՄ երկրներին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՄ գործադիր մարմինը) մտադիր է մեխանիզմներ առաջարկել միության երկրներից Ռուսաստանի պետական ​​գնումների շուկա ապրանքների մուտք գործելը պարզեցնելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Մաքսիմ Երմոլովիչը Sputnik միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրներում պետական ​​գնումների ընդհանուր շուկան 140-150 մլրդ դոլար է գնահատվում։ Սակայն այդ ծավալի 1%-ից պակաս են կազմում միության ներսում փոխադարձ մատակարարումները, չնայած այն հանգամանքին, որ բոլոր գնումների մոտ կեսը ծածկվում է ներմուծման հաշվին։ Այսպիսով, ընդգծել է Երմոլովիչը, երրորդ երկրներից ներմուծումը զգալիորեն գերազանցում է ԵԱՏՄ ներսում փոխադարձ առևտրի ծավալը։

Եվրասիական հնգյակից ամենամեծ շուկան ռուսականն է։ Սակայն վերջին տարիներին ՌԴ արդյունաբերական քաղաքականությունը ուղղված է նրան, որ տեղական պետական ​​գնումների ժամանակ արտոնյալ ռեժիմը ստանան տեղական արտադրության ապրանքները։ Որպեսզի այս մեխանիզմը խոչընդոտ չդառնա միության մյուս երկրների ապրանքների համար, ԵՏՀ-ն առաջարկել է արտոնյալ պայմանները տարածել ԵԱՏՄ-ի բոլոր ապրանքների վրա։ Այդ նպատակով արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյան է մշակվել։

Առաջարկվում է նաև, որ ապրանքների տեղական ծագումը սահմանող միասնական կանոնները տարածվեն միության բոլոր երկրների ապրանքների վրա։

Պետական ​​գնումների ընդհանուր շուկայի ձևավորման ճանապարհին նաև տեխնիկական խոչընդոտներ կան։ Մասնավորապես, ԵԱՏՄ երկրները դեռ չեն ճանաչում միմյանց բանկային երաշխիքները, իսկ նման երաշխիքը պարտադիր պայման է պետական ​​գնումների ընթացակարգերին մասնակցելու համար։ Փոխադարձ ճանաչման նախադեպեր արդեն իսկ կան. նման պրակտիկա է կիրառվում, օրինակ, Հայաստանում։ ԵՏՀ-ի կարծիքով` այն պետք է տարածվի միության բոլոր հինգ երկրների վրա։

Ավելի բարդ խնդիր է շարունակում մնալ էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը։ Հանձնաժողովն արդեն պատրաստել է համապատասխան կանոնները՝ ԵԱՏՄ երկրների ազգային օրենսդրությունների համաձայն, սակայն նման ստորագրությունների կիրառման միասնական տեխնիկական չափորոշիչները դեռևս համաձայնեցված չեն։ Ռուսաստանն ու Բելառուսն արդեն իրականացնում են այս գործընթացը, և նրանց փորձը, ինչպես նշեց Երմոլովիչը, կարող է հիմք հանդիսանալ ամբողջ միության շրջանակներում կոնսենսուսային որոշման համար։

Sputnik Արմենիա