Եվրամիությունը քննադատել է Ադրբեջանին

Abzas Media-ի լրագրողների և աշխատակիցների հանդեպ ընդունած խիստ դատավճիռները մտահոգիչ են, նշված է Եվրամիության դիվանագիտական ​​ծառայության հայտարարության մեջ։

«Անկախ լրագրությունը կարևոր դեր է խաղում թափանցիկության, հաշվետվողականության և տեղեկացված հանրային քննարկման ապահովման գործում։

Եվրոպական Միությունն Ադրբեջանին կոչ է անում հարգելու մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կատարելու միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները և անհապաղ քայլեր ձեռնարկելու բոլոր լրագրողների և լրատվամիջոցների աշխատողների համար անվտանգ և նպաստավոր միջավայր ապահովելու համար։

ԵՄ-ն հանձնառու է շարունակելու մարդու իրավունքների շուրջ երկխոսությունն ու համագործակցությունը Ադրբեջանի հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ BBC-ն հայտնել էր, որ Ադրբեջանի դատարանը դատապարտել է Ալիևների ընտանիքի բիզնեսը հետաքննած լրագրողներին։

AbzasMedia-ն հայտնի է պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ իր հետաքննություններով։ Օրինակ՝ գործակալության լրագրողները պարզել էին, որ Զանգիլանի շրջանում բարձր տեխնոլոգիական «խելացի գյուղի» կառուցումն իրականացնում է նախագահի օգնականի եղբոր ընկերությունը։

News.am