Խաչատուր Սուքիասյանի մուտքը Ռուսաստան արգելվել է
Ռուսաստանի իշխանությունները արգելել են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի մուտքը երկիր։ Տեղեկությունը հայտնում է 24News-ը` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ ձերբակալել է «Ալռոսա» ընկերությունից ադամանդներ գողացած բանդայի։ Ըստ հաղորդագրության` հափշտակած ալմաստները մուտք են գործել «ADM Diamonds» ՍՊԸ, որի շահառուն Խաչատուր Սուքիասյանն է։ Ալմաստների հափշտակության գործով ձերբակալվել են ընկերության աշխատակից Վալենտինա Մատյուշենկովան, նրա որդին՝ Ալեքսեյ Մատյուշենկովը, ինչպես նաև մաքսանենգներ Արմեն Պետրոսյանն ու Արման Սահակյանը:
Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հերքել էր պատգամավորի կապը «Ալռոսայի» հետ կապված պատմության հետ։ Նա գրառում է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և նշել, որ դա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է։
Ինքը՝ Սուքիասյանը, հարցազրույցներից մեկում ասել էր, որ «ADM Diamond»–ի գործարանի սեփականատերերն իրեն հարազատ մարդիկ են` Արմեն և Արտակ Բաղիկյանները։
Sputnik Արմենիա