ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

 

«2025թ. հունիսի 23-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ խորին հիասթափություն է հայտնում «Ստամբուլյան հռչակագրում» պարունակվող խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների կապակցությամբ։ Այդ փաստաթուղթն ընդունվել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի արդյունքներով, որն անցկացվել է Թուրքիայում՝ հունիսի 21-22-ին։

«Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը», — նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Նախարարությունը ԻՀԿ անդամ երկրների ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված «կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերում։

Փաստաթղթի օգտին քվեարկել է նաև պաշտոնական Թեհրանը։ Ինչ վերաբերում է բովանդակությանը՝ ապա պետք է նշել, որ Բաքվի ճնշմամբ ընդունված փաստաթղթում խոսվում է «բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» մասին Հայաստան, որը նշված է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Հայաստանին կոչ է արվում վերացնել «խոչընդոտները» խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին, հիշատակվում է նաև Ադրբեջանի կողմից բեմադրված Խոջալուի մասին պատմությունը։

ԻՀԿ ընդունած փաստաթղթում չկա ոչինչ, ինչը նախկինում ասված չլիներ Բաքվի կողմից։ Ավելին՝ երբ 2025թ. մայիսին Ադրբեջանը կրկին խոսեց ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալու» անհրաժեշտության մասին, ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը ոգևորությամբ արձագանքեց այդ մտքերին՝ նշելով, թե խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո հայերն էլ կկարողանան բնակվել Բաքվում, իսկ ադրբեջանցիները՝ «վերադառնալ իրենց երբեմնի գյուղերը ՀՀ տարածքում»։ Ավելին, Սիմոնյանը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից ընդամենը հինգ րոպե անց հայերն ու ադրբեջանցիները կսկսեն առևտուր անել միմյանց հետ։

Այս համատեքստում ՀՀ ԱԳՆ-ն նախ պետք է պարզաբանում պահանջի հենց Ալեն Սիմոնյանի հայտարարությունների կապակցությամբ և նոր միայն արձագանքի «արտաքին թիրախներին»։

Խորհրդանշական է՝ հայտարարությունը, որը Հայաստանի մի մասը ճանաչում է որպես «Արևմտյան Ադրբեջան», արվել է Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցից ընդամենը մի քանի օր անց։ Սա պետք է ազդանշան լինի ՀՀ քաղաքացիների համար՝ Հայաստանի վերաբերյալ Անկարայի իրական ծրագրերի մասին։ Քաղաքացիների համար՝ որովհետև Փաշինյանը վաղուց գիտի այս ամենը։

Մենք արդեն բարձրացրել ենք այս թեման և կրկին կկրկնենք. 2024 թվականին Ադրբեջանում իշխանության ամբողջ համակարգի restart-ը (անցկացվեցին նախագահական և խորհրդարանական ընտրություններ) անհրաժեշտ էր պետական ապարատը նոր քաղաքական ծրագրի՝ «Արևմտյան Ադրբեջան» նախագծի շուրջ համախմբելու համար։ Հենց դրա իրականացմանն ենք մենք այսօր ականատես լինում։

Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում հայտարարել է, որ Էրդողանի հետ իր բանակցությունները 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում սկսված գործընթացի շարունակությունն են։ Պրահայի գործընթացի արդյունքում Հայաստանը կորցրեց Արցախը։ Դրա շարունակության արդյունքում Հայաստանը կարող է ջնջվել երկրի երեսից։

Ու կրկին մեր լեգիտիմ հարցը՝ ինչո՞ւ Փաշինյանը չի դիմադրում։ Պատասխանը, ինչպես նախկինում, ակնհայտ է. նրա կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ կատարածի ծավալն այնքան մեծ է, որ անձնական փրկությունը (ազատության և կապիտալի պահպանումը) հնարավոր է միայն այն պարագայում, երբ ոչնչացվի «հայցվորը», այսինքն՝ ՀՀ-ն, որն ունի Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու իրավունք և ինստիտուցիոնալ հնարավորություն։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Alpha News