Մարկո Ռուբիո․ ԱՄՆ-ը առայժմ լրացուցիչ պատժամիջոցներ չի մտցնի Ռուսաստանի դեմ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Politico-ի հարցազրույցում հայտնել է, որ Միացյալ Նահանգներն առայժմ լրացուցիչ պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի նկատմամբ և դեռևս ցանկանում է հնարավորություն ունենալ բանակցելու խաղաղության համաձայնագրի շուրջ։
«Եթե մենք անեինք այն, ինչ այստեղ բոլորը ցանկանում են, այսինքն՝ գայինք և նոր պատժամիջոցներ կիրառեինք նրանց նկատմամբ, մենք, հավանաբար, կկորցնեինք նրանց հետ հրադադարի մասին խոսելու հնարավորությունը, և այդ դեպքում ո՞վ կխոսի նրանց հետ»,- ասել է Ռուբիոն Politico-ին ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակում։
ԱՄՆ պետքարտուղարն ավելացրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «կընտրի ճիշտ ժամանակն ու տեղը» Ռուսաստանի դեմ նոր տնտեսական միջոցներ ձեռնարկելու համար, և որ վարչակազմը համագործակցում է Կոնգրեսի հետ՝ ապահովելու համար, որ նրանք Թրամփին տան անհրաժեշտ ճկունությունը, հաղորդել է Politico-ն։
«Եթե մենք իրավիճակը փոխելու և (Ռուսաստանին) բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու հնարավորություն ունենանք, մենք կօգտվենք դրանից»,- ասել է Ռուբիոն։
News.am