Մայր աթոռը պահանջում է հարգել Բագրատ սրբազանի և նրա համախոհների անմեղության կանխավարկածը
Մայր աթոռ սուրբ Էջմիածինը խոր մտահոգություն է արտահայտում տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և իր համախոհների նկատմամբ այսօր իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների և նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ։ Այս մասին ասվում է Գերագույն հոգևոր խորհրդի տարածած հայտարարության մեջ։
«Իրավական գործընթացի նկատմամբ վստահություն չի ներշնչում այն հանգամանքը, որ սկզբից ևեթ ՀՀ վարչապետը և իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական նկատառումներով տարաբնույթ հրապարակումների միջոցով փորձում են ուղղորդել իրավապահ մարմիններին»,–ասվում է հայտարարության մեջ։
Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի է համարում նաև հիշյալ գործընթացը եկեղեցու հետ կապակցելու և Մայր աթոռի անունը շահարկելու դիտավորությունը, ինչը, ըստ խորհրդի, ամբողջապես տեղավորվում է իշխանությունների նախաձեռնած հակաեկեղեցական արշավի համատեքստում։
«Մայր աթոռը օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու գործի արդարացի ընթացքին և հորդորում է պատկան մարմիններին չտրվել քաղաքական շահարկումներին, առաջնորդվել ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջներով՝ հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը»,–ասվում է հայտարարության մեջ։
Sputnik Արմենիա