Գալստյան․ Ընդդիմությանը «բռնելու» անոնսը տրվել էր դեռ երկու շաբաթ առաջ՝ ԱԺ-ում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է

«Համառոտ՝ երեկվա ֆարսի մասին

Ընդդիմությանը «բռնելու» անոնսը տրվել էր դեռ երկու շաբաթ առաջ՝ ԱԺ-ում, ուր երկրի իշխանության բոլոր ճյուղերը ուզուրպացրած Փաշինյանը հերթական սրացման պահին բացահայտ հայտարարեց, «սաղիդ/ընդդիմությանը/ լցնելու եմ ԱԱԾ պադվալները»։

Որ ուժայիններն են այս իշխանության հենարանը, առավել քան ակնհայտ է։ Որ չկա ուժային, որը չի կարտարի իր հրահանգը՝ նույնպես։

Բնականաբար, ծրագրված օպերացիայի ձնծաղիկները հայտնվեցին CIVIC-ի պադվալում, և հրապարակ նետվեց մեկ տարվա վաղեմության ինչ-որ թուղթ, որին հաջորդեց մասկի շոուն։

Անկախ այն զավեշտական բանից, որ այդ թուղթը 2024-ի թվագրություն ուներ, այդպիսի բովանդակությամբ ծրագիր կարող է կազմել համակարգիչ ունեցող միջին և դրանից էլ ցածր գիտելիքներով ցանկացած անձ, աներկբա է նաև, որ այդպիսի ծրագիր կարող է ունենալ հանրային համախմբման նպատակ ունեցող ցանկացած շարժում կամ քաղաքական հոսանք հակօրինական բան չկար այդտեղ։

Քանի որ սա բավարար չէր, տեսարանը պետք էր հարստացնել և դարձնել «տպավորիչ»։ Անցում է կատարվում «մասկի շոու» էտապին, և վրա է գալիս իրեղեն ապացույցների փուլը, ուր հանրայնացվում են մոնտաժված ձայնագրություններ, օրինական մեկ-երկու զենք, մանկական խաղալիքներ, ինչ-որ պտավոր գլխաշոր ու մանկական հրավառության պարագաներ։

Սա էլ բավարար չէ Փաշինյանի՝ որպես բռնապետական ռեժիմ կառուցողի փաստն արդեն միջազգային զեկույցներն են արձանագրում, և մեջտեղ է նետվում «ահաբեկչության» թեզը։ Դե, ահաբեկչությունը, բնականաբար, սրբազան կով է արևմտյան աշխարհի համար, ինչը թույլ կտա ապահովագրել իրեն՝ երկրում քաղաքական տեռորը շարունակելու ծրագրի քողով։ Իսկ միջազգայիններն էլ, իհարկե, պարտավոր են հավատալ և քաջալերել «պրոռուսական ագենտ ահաբեկիչների» դեմ պայքարը։

Հիմա եկել է հիմնավորելու փուլը։ Եվ «երկրում մոլեգնող ահաբեկիչներին բացահայտելու, դատապարտելու» մասին տեքստեր են գրում Փաշինյանի սազանդարները՝ ժողովրդավարության բաստիոնի շահառուները, որոնցից շատերն իրենց գնահատականները հնչեցրին անգամ հետախուզումներին զուգահեռ։ Հրահանգված էր ըստ սցենարի։

ԵՎ՝

Ա «Ահաբեկիչների դեմ պայքարի» քողով Փաշինյանն արևմուտքից կանաչ լույս է ստանում, ազատ դառնում իր բոլոր գործողություններում։

Բ Փորձում է վախի ու ռեպրեսիաների գործիքակազմով 1937 թ-ի վերածել երկիրը՝ լռեցնել դիմադրության օջախները, պարզապես գլխատել հայ միտքն ու կամքը։

Գ Ձերբակալությունների և ճնշումների ֆոնին սահուն դարձնել նոր զիջումները։

ՀԳ Բնականաբար, քաղաքական հոգեվարքի և հոգեկան անհավասարակշռության դրսևորումներն, ավելի են սրվելու 2026-ին ընդառաջ։

Գիտակցել, կազմակերպվել, չհանձնվել և հավատալ․․․»։

Aysor.am