Արաղչի․ Իրանին հարվածելով՝ Միացյալ Նահանգները զգալիորեն բարդացրեց հետագա բանակցությունները

Թեհրանը դեռ չի որոշել՝ շարունակե՞լ բանակցությունները Միացյալ Նահանգների հետ՝ Իրանի միջուկային խնդիրը լուծելու և պատժամիջոցները վերացնելու համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Ես ուզում եմ հստակեցնել, որ դեռևս որևէ համաձայնության չի եղել և նոր բանակցություններ սկսելու որոշում չի ընդունվել», - IRIB հեռուստաալիքի եթերում նշել է նա։ Ըստ Արաղչիի՝ երկխոսությունը վերսկսելու մասին որոշ հայտարարություններ չպետք է լուրջ ընդունել։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Միացյալ Նահանգները, հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, զգալիորեն բարդացրել է իրավիճակի կարգավորման հետագա բանակցությունները։ Արաղչին միաժամանակ Եվրոպային կոչ է արել չկրկնել նմանատիպ սխալներ և լրջորեն չքննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հակաիրանական պատժամիջոցների վերականգնումը։

«Նախկինում Իրանի միջուկային խնդիրը խաղաղ կարգավորման ճանապարհին էր, բայց հիմա, երբ պատերազմ է տեղի ունեցել և մարդկային արյուն է հեղվել, իրավիճակը լիովին փոխվել է, և համաձայնության հասնելը հնարավոր չէ այնքան հեշտությամբ, որքան նախկինում», -ասել է Արաղչին։ Ըստ նախարարի՝ ԱՄՆ հարվածները մեծապես սրել են իրավիճակը։

«Դա արդարացի կլինի նաև Եվրոպայի նկատմամբ։ Եթե Եվրոպան որոշի ակտիվացնել snapback մեխանիզմը (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր պատժամիջոցների վերականգնումը Թեհրանի դեմ՝ նրա միջուկային ծրագրի առնչությամբ), միայն ավելի կբարդացնի իրավիճակը»,- նշել է Արաղչին։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Իրանի իշխանությունները հետագայում կճշգրտեն իրենց արտաքին քաղաքականությունը՝ հաշվի առնելով բոլոր այն երկրների դիրքորոշումները, որոնք նրանք զբաղեցրել են Իսլամական Հանրապետության և Իսրայելի միջև հակամարտության ընթացքում։

«Հետպատերազմյան դիվանագիտությունը կտարբերվի նախապատերազմյան դիվանագիտությունից, և փոխգործակցության մեթոդները կհարմարեցվեն ճգնաժամի ընթացքում երկրների վարքագծին»,-ընդգծել է Իրանի արտգործնախարարը։

News.am