Հայր Ասողիկ Կարապետյան․ Սուրբ Էջմիածնից կամ մեզ ամենքիս եք տանելու, կամ էլ՝ մեր դիակը
Սիրելիներ, Հայաստանի ողջ հոգևոր դասը պատրաստ է կալանավորվելու. բոլորս Մայր Աթոռում ենք, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։
«Եկել են Մայր Աթոռ. Սուրբ Էջմիածնից կամ մեզ ամենքիս եք տանելու, կամ էլ՝ մեր դիակը»,-գրել է նա։
Նշենք, որ բազմաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներ են այս պահին հավաքված Մայր Աթոռի մոտ։ Հավանաբար նրանք եկել են ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Քիչ առաջ փաստաբան Արա Զոհրաբյանը Շիրակի թեմի առաջնորդարանի դիմաց ընթերցել է Քննչական կոմիտե քննիչի որոշումը՝ ձերբակալելու Միքայել Սրբազանին։ Նա ընդգծեց, որ որպես առիթ նշված է 2024 թվականի փետրվարի 3–ին տված հարցազրույցի ժամանակ Միքայել Սրբազանի խոսքերը, իբրև իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել։ Արա Զոհրաբյանը նշեց, որ ՔԿ-ն միջնորդելու է, որ կալանավորեն Սրբազան հորը։
Նշենք, որ այսօր առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,–հայտնել էին գլխավոր դատախազությունից։