Ավետիք Չալաբյան․ Ավելի լավ է մեր դիակների վրայով անցնեն, նոր Վեհարանը գրավեն

Երեկ ինձ թվում էր, որ իշխանությունն իր հրոսակախմբերին է կազմակերպված ուղարկելու, բայց ես ենթադրում եմ, որ մեր ներկայությունը զսպող դեր ունեցավ և իրենք հասկացան, որ հրոսակախմբերով Վեհարան գրավելու իրենց փորձը հաջողություն չի ունենալու, ուստի այսօր տեսնում եք, որ այստեղ հարյուրավոր, եթե ոչ հազարից ավելի ոստիկանական ուժ է կենտրոնացած։ Այս մասին այսօր՝ հունիսի 27–ին, Մայր Աթոռի դիմաց NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Հայաքվե» ազգային–քաղաքացիական միավորման հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը։

«Սա մեր պատմության մեջ աննախադեպ բան է, որ Հայաստանի ոստիկանությունը, իրավապահ մարմինները գրոհում են Վեհարանը։ Սա մի բացատրություն ունի, որ ոստիկանությունը և մյուս իրավապահ մարմինները ծառայում են թշնամու կամակատարին։ Միայն թշնամին կարող է փորձել ուժով գրավել Հայ ժողովրդի սրբության սրբոցը, Հայ առաքելական սուրբ եկեղեցու Մայր Աթոռի Վեհարանը։ Սա աննախադեպ երևույթ է, մենք բոլորս՝ արժանապատիվ քաղաքացիներով, այստեղ են, որ թույլ չտանք, որ տեղի ունենա մի բան, որը դարերով մեզ խայտառակ կանի։ Էս ամոթը մենք չենք կարողանալու մարսել։

Ավելի լավ է մեր դիակների վրայով անցնեն, նոր Վեհարանը գրավեն, թող մեզ սպանեն, նոր Վեհարանը գրավեն։

Սա Եկեղեցու դեմ է, որովհետև առանձին վերցրած հոգևորական Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը որևէ հանցանք չի գործել, նա մեկ տարի առաջ ինչ–որ խոսք է ասել, որը անհետևանք է։ Եթե չկա վնաս, չկա հանցագործություն Հիմա ադրբեջանցիները նստած հռհռում են, թե ոնց է իրենց այս թուլամորթ կամակատարը իրականացնում այն, ինը իրենք չէին կարող երազել՝ մտնել Վեհարան»,–ասաց նա։

Չալաբյանը կոչ արեք քաղաքացիներին գլ Էջմիածին ու տեր կանգնել մեր սրբությանը։

Նշենք, որ Մայր Աթոռի մոտ իրավիճակը լարված է, ԱԱԾ–ն և ոստիկանության ուժերը այստեղ են, որպեսզի բերման ենթարկեն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Վերջինս սկզբում հայտարարեց, որ կգնա ԱԱԾ–ականների հետ, սակայն հավաքվածները թույլ չտվեցին։ Արդյունքում Միքայել Սրբազանը, Գարեգին Բ կաթողիկոսի հետ միասին վերադարձան և հիմա վեհարանում են։

Իրավապահները մեծ ուժեր են կենտրոնացրել Մայր Աթոռի բակում։ Քիչ առաջ այստեղ ժամանեցին նաև հատուկջոկատայինները։