«Նման խայտառակություն դեռ չէր եղել». ՌՀՄ-ն՝ իշխանությունների գործողությունների մասին
Ռուսաստանի հայերի միությունը դատապարտել է իշխանությունների և ուժայինների գործողությունները ՀԱԵ-ի նկատմամբ՝ հայտարարելով, որ նման խայտառակություն հայ ժողովրդի պատմության մեջ դեռ չի եղել։
Ռուսաստանի հայերի միությունը մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ նա փորձում է ոչնչացնել այն ամենը, ինչի վրա հիմնված է հայերի ազգային ինքնությունը։ Կազմակերպությունը կարծում է, որ եկեղեցու հետապնդման նպատակը 2026 թվականի ընտրություններից առաջ բոլոր հակառակորդներից ազատվելն է։
«Հայերը որպես ժողովուրդ և ազգ՝ բարձր մարդկային ներուժով, պահպանվել են մեծապես մեր եկեղեցու և հոգևորականության շնորհիվ, որոնք պատմական ամենադժվար ժամանակներում փոխարինել են պետությունը», – ասվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանի հայերի միությունը կոչ է անում ՀՀ կառավարությանը, իրավապահ մարմիններին պահպանել երկրի սահմանադրությունը և չգերազանցել լիազորությունները, իսկ հայերին՝ ուս ուսի տված պաշտպանել հնագույն քրիստոնեական եկեղեցին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, բայց հետո նա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ գնաց վեհարան։
Sputnik Արմենիա