Տեր Մուշեղ քահանա․ Մենք պատրաստ ենք մեր Մայր աթոռի համար պաշտպան կանգնել մինչև վերջ
Հոգևորականները պատրաստ են Մայր աթոռի համար պաշտպան կանգնել մինչև վերջ։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի բակում այս հայտարարությունն արեց Մայր աթոռի գործառնական տնօրեն Տեր Մուշեղ քահանա Բաբայանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հատուկջոկատայինները մտել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից։ Սրբազանը հայտարարել էր, որ պատրաստվում է գնալ իրավապահների հետ, սակայն նա կաթողիկոսի հետ գնաց վեհարան։ Մայր աթոռի տարածքում լարված իրավիճակ է, իրավապահները նոր ուժեր են կուտակում։ Դիմակավորների մի մասը ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ արձագանքման վարչությունից են։
Տեր Մուշեղ քահանան դիմեց Մայր աթոռի տարածքում հավաքված ուժայիններին։
«Մենք ձերն ենք, դուք մերն ենք։ Մենք ձեր ննջեցյալների հուղարկավորություններն առ աստված բարեխոսներն ենք, ձեր երեխաների մկրտությունների ու պսակադրության հոգևորականներն ենք։ Այո՛, կարող եք մեզ վերացնել, բայց մեր փոխարեն այլ ազգ է գալու, մեր փոխարեն աղանդներն են գալու և ձեր երեխաներին այլևս Քրիստոսի անունով չեն մկրտելու։ Մենք պատրաստ ենք մեր Մայր աթոռի համար պաշտպան կանգնել մինչև վերջ։ Այն, ինչ դուք անում եք, կարող էիք հանգիստ անել հինգ հոգով, բայց նայեք, տեսեք` ինչ բազմությամբ եք եկել։ Դուք դուրս եք եկել ձեր սրբության, ձեր Աստծո դեմ։ Զգույշ եղեք, Աստված երկնքից տեսնում է։ Այս բարկությունը ազգի վրա է գալու»,– ասաց նա։
Sputnik Արմենիա