Աջապահյանը որոշեց փաստաբանների հետ Մայր աթոռից գնալ ՔԿ. մարդիկ դարձյալ թույլ չտվեցին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու նրա փաստաբանական թիմի հետ որոշեցին գնալ ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին Մայր աթոռի տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Այսօր նախատեսված էր քահանայական ժողով, որը համակարգելու էր Աջապահյանը։ Այդ ժողովը պլանավորված էր ավելի քան մեկ ամիս առաջ։ ԱԱԾ–ն, իմանալով այդ ժողովի մասին, եկավ ու պահանջեց, որ սրբազանը ներկայանա ՔԿ։ Լավ է, որ բախումներ չեղան, չեղան բացասական հետևանքներ։ Սրբազանը ցանկացավ մոտենալ մեքենային, որպեսզի գնա, բայց չհաջողվեց։ Մարդիկ չթողեցին։ Հիմա Աջապահյանի հետ մեկնում ենք ՔԿ` ներկայանալու ու քննչական գործողություններին մասնակցելու»,– հայտարարեց Զոհրաբյանը։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր հերթին նշեց, որ երեք անգամ ցանկացել է դուրս գալ Մայր աթոռից ու գնալ ՔԿ, սակայն մարդիկ չեն թողել։

«Կարծում եմ` իրավապահները հասկացան ու նահանջեցին։ Կարող էին ինձ շատ հանգիստ ու մեկուսի ձերբակալել, սակայն նրանք գիտակցաբար այս քայլին գնացին, որ ցույց տան իրենց ուժը Մայր աթոռի պատերից ներս։ Իրավապահները դժվար թե չիմանային, որ քահանայական ժողով էր այսօր, ու ես 20 տարուց ավելի է` համակարգում եմ այն։ Սակայն նրանք ուզեցին այս «մասկի շոուն» կազմակերպել, որը չստացվեց։ Շնորհակալություն բոլորին` աջակցելու համար։ Մենք` հոգևորականներով, ապրում ենք որպես աքսորյալ, հիմա բանտում կլինի, թե բանտից դուրս, ամեն տեղ էլ մեզ համար բանտ է, քանի որ ամենուր Աստված մոտ է։ Թույլ տվեք` իրենց ապացուցեմ, որ ես իրենցից չեմ թաքնվում»,– ասաց Աջապահյանը։

Երբ Աջապահյանը և փաստաբանը փորձեցին նստել մեքենա` ՔԿ գնալու համար, հավաքվածները կրկին սկսեցին վանկարկել, որ դա թույլ չեն տա ու արգելեցին, որ նրանց մեքենան շարժվի, ապա ծափահարություններով և «սրբազան» վանկարկելով Աջապահյանին կրկին ուղեկցեցին վեհարան։

Sputnik Արմենիա