Մի բան այն չէ, և դա բոլորի համար է ակնհայտ. պաշտպանը` Աջապահյանի դեմ հարուցված գործի մասին
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեպքում խոսքը գնում է միջին ծանրության հանցանքի մասին։ Այս մասին Մայր աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Ինչպես հայտնի է, Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
«Միջին ծանրության հանցանքի դեպքերում անգամ մեկ ոստիկան չի գալիս բերման ենթարկելու որևէ անձի։ Մինչդեռ այսօր մենք տեսանք հարյուրավոր իրավապահների, որոնք հարկադրանքի միջոցով էին գործում։ Իսկ ինչի՞ մասին է այդ միջին հանցանքը, դա խոսքի ազատության մասին է։ Եվրոպական դատարանի նախադեպային ողջ իրավունքը մեզ հուշում է, որ դա թույլատրելի է։ Այսինքն, այստեղ ընտրության մեկ տարբերակ կա` եթե ընտրում ես ժողովրդավարության ճանապարհը, ապա խոսքի ազատությունն ամենակարևոր արժեքն է, եթե ընտրում ես բռնապետության ճանապահը, ապա պետք է ականատեսը լինենք նման տեսարանների, այն էլ` վեհարանում»,– ընդգծեց նա։
Վարդևանյանը մեջբերեց փաստաբան Միհրան Պողոսյանի խոսքը, որ Աջապահյանին ցանկանում են բերման ենթարկել ամիսներ առաջ արած հայտարարության համար։
«Բոլորս գիտենք, որ հարկադրանքի միջոցը կամ ընդհանրապես քրեական հետապնդման հարուցումը տաք հետքերով են գնում։ Հիմա այս դեպքում դուք չե՞ք ասի, որ այստեղ մի բան այն չէ։ Ու դա բոլորի համար է ակնհայտ։ Ես հույսս ու հավատս երբեք չեմ կորցնելու, որ մեր հասարակության համար գոյություն ունեն սրբազան արժեքներ և դրանցից մեկը մեր հավատքն է, Մայր աթոռն է»,– ասաց Վարդևանյանը։
Նա ընդգծեց, որ կան կարմիր գծեր ու Մայր աթոռը այդ կարմիր գիծն է բոլորի համար։
Sputnik Արմենիա