Արամ Ա․ Մենք դատապարտում ենք նման քայլերը, պետք է հարգանքով վերաբերվել մեր սրբավայրերին

Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը դատապարտել է իրավապահների գործողությունները Մայր աթոռի Վեհարանի տարածքում և ընդգծել, որ Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակի հանգուցալուծման առաջին քայլը հրապարակային մեղադրանքների ու արտահայտությունների կասեցումն է։ Այս մասին հայտարաել է Արամ Ա կաթողիկոսը։

Կաթողիկոսի խոսքով` ստեղծված իրավիճակը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, կարող է Հայաստանը ենթարկել սարսափելի վտանգների և հանգեցնել անդառնալի իրավիճակների։

«Անհրաժեշտ է, որ մենք ամեն ջանք գործադրենք նման վտանգավոր պայմանների առաջացումը կանխելու համար։ Եկեղեցին կոչված է իրեն վերաբերող հարցերը քննել և փնտրել համապատասխան լուծումներ, ինչպես որ պետությունն էլ պետք է համապատասխան ձևով մոտենա իրեն վերաբերող հարցերին՝ խուսափելով հետագա բարդություններից և բևեռացումներ ստեղծող քայլերից»,–նշել է Արամ Ա–ն։

Ըստ կաթողիկոսի` անհրաժեշտ է հարգել պետության օրենքները, միաժամանակ եկեղեցու հեղինակությունը և եկեղեցու հարցերը ներքին կարգով քննելու իրավունքը։ Նա կոչ է արել հեռու մնալ այնպիսի բառամթերքից , որոնք չեն համապատասխանում հայ ազգային, հոգևոր և բարոյական արժեքներին ու չափանիշներին։

Արամ Ա–ն ընդգծել է, որ առաջին հերթին, դժվար իրավիճակից դուրս գալու համար պետք է դադարեցնի բոլոր հանրային հալածանքները։

«Ցավով տեղեկացանք նաև պետական իրավապահ մարմինների՝ Սուրբ Էջմիածին մուտք գործելու և այնտեղ ստեղծված անընդունելի իրավիճակի մասին։ Մենք դատապարտում ենք նման քայլերը։ Անհրաժեշտ է հարգանքով վերաբերվել մեր սրբավայրերին։ Մենք նաև կոչ ենք անում համապատասխան պետական մարմիններին դադարեցնել ձերբակալությունների արշավը և հանդարտությամբ մոտենալ անօրինական համարվող իրավիճակներին ու հանգամանքներին»,–ասել է նա։

Արամ Ա–ն կշարունակի խորհրդակցել կուսակցությունների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների հետ՝ ստեղծված դժվարին իրավիճակը հաղթահարելու նպատակով։ Որպես առաջին քայլ, նա հորդորել է դադարեցնել հրապարակային հայտարարություններ անելը, որպեսզի հնարավոր լինի կանխել ապագայում նոր բարդությունները և հարցերը լուծումները որոնել հանգիստ միջավայրում, փոխըմբռնման և հարգանքի մթնոլորտում։

Sputnik Արմենիա