Իրանի դեսպան․ Սյունիքի տրանսպորտային նախագիծը կարող է վաղաժամկետ ավարտվել
Սյունիքի մարզում տրանսպորտային նախագծերի շուտափույթ իրականացումը Իրանի համար կարճ երթուղի կբացի Հայաստանի տարածքով դեպի Սև ծովի ավազան: Միևնույն ժամանակ այդ ճանապարհը Երևանը կկապի Պարսից ծոցի պետությունների և իրանական «Չաբահար» նավահանգստի հետ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Նրա խոսքով՝ Սյունիքի մարզում իրանցի կապալառուների կողմից իրականացվող ճանապարհաշինությունը ժամանակացույցից առաջ է ընթանում։
«Սյունիքում աշխատանքների նկատելի առաջընթաց ունենք, մենք 3 %-ով պլանից առաջ ենք։ Եթե հաջողվի պահպանել ընթացիկ տեմպերը, նախագիծը կավարտվի նույնիսկ նախատեսված ժամկետից շուտ», - նշել է դիվանագետը։
Դեսպանն ընդգծել է, որ ներկա պահին նախագծի իրականացման հարցում որևէ խնդիր չկա: Սոբհանին վստահություն է հայտնել, որ Ագարակ-Երևան երթուղու բոլոր հատվածների ավարտից հետո բեռնափոխադրումները կկատարվեն նոր որակով:
Բացի այդ, Իրանը նախատեսում է Արաքս գետի վրա կառուցել երկրորդ կամուրջը։
Sputnik Արմենիա